Միջազգային գիտաժողով կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրների շուրջ

20092498

What-we-do

Ս.թ. մայիսի 3-5-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Կենսաբազմազանության ու վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին 100-ից ավելի երիտասարդ գիտնականներ Հայաստանի և արտերկրի տարբեր ԲՈՒՀ-երից և գիտահետազոտական հիմնարկներից (Ռուսաստան, Բելոռուսիա, Հունգարիա, Ղազախստան, Իրան և այլն): Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին բուսաբանության, կենդանաբանության, էկոլոգիայի, կենսաբազմազանության պահպանության և բնօգտագործման մի շարք հիմնախնդիրներ: Պլենար զեկույցներով հանդես եկան ոլորտի 5 հայտնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին իրենց ոլորտներում առկա արդի հիմնախնդիրները, քննարկեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: 19 մասնակիցներ հանդես եկան բանավոր զեկույցներով, 15-ից ավել մասնակիցներ իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեցին պաստառների տեսքով:

Մասնակիցների ներկայացրած գիտական աշխատանքների հիման վրա տպագրվել է հոդվածների ժողովածու, որը համապատասխանում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին և որի կազմում տպագրված գիտական նյութերը համարվում են լիարժեք հոդվածներ: Գիտաժողովի վերջին օրն իրականացվեց նաև մշակութային միջոցառում, որի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպվեց նավով զբոսանք Սևանա լճի տեսարժան վայրերով:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Բուսաբանության ինստիտուտի կողմից՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսական աջակցությամբ: Տեղական և միջազգային տարբեր կառույցներ նույնպես աջակցել են գիտաժողովի կազմակերպման գործին, այդ թվում՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

 

05/12/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: